Connect with us

Լրահոս

Թատրոնը սպասում է…

Խմբագիր

Հրապարակվել է

Շուտով նոր ներկայացում…

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ընթանում են հերթական փորձեր: Բեմադրության է պատրաստվում Սլովամիր Մրոժեկի «Ամառային օր» պիեսը, բեմադրության հեղինակն է Մանվել Խաչատրյանը: Դերասանական կազմը թվով մեծ չէ. գործի ընտրության հարցում կարևոր նախապայման են հանդիսացել նաև համաճարակի առկայությունն ու դրա հետևանքները` Լիլիա Մուկուչյան, Արեն Խաչատրյան, Աննա Մանուչարյան, Սերգեյ Գրիգորյան: Նկարչական աշխատանքը վստահված է Գայանե Չոլակյանին, իսկ խորեոգրաֆիան` Արիկ Ասատուրյանին:

Այս մասին են պատմում բեմադրության հեղինակ Մանվել Խաչատրյանը և դերասանուհի Լիլիա Մուկուչյանը:

Մանվել Խաչատրյան – դերասան, ռեժիսոր

Անսպասելի ժամանակ հասունացավ բոլորիս համար: Դադար, մեկուսացում, հեռավորութուն – այս ամենը խախտումներ առաջացրեց տարբեր համակարգերում: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա կարող եմ ասել, որ թատրոնն ու կարանտինն անհամատեղելի են. թատրոնն ազատ է` ինչպես թռչունը, և եթե փորձես թռչնին վանդակի մեջ դնել, նա կմեռնի, կոչնչանա, իհարկե կփորձի վերջին շնչում ինչ-որ շարժումներ անել` երգել, աղմկել, ուշադրություն գրավել,  բայց էդ բոլոր փորձերն արհեստական ու սուտ կլինեն, կիսատ ու ոչ կենդանի: Մենք էլ վանդակում փակված թռչունների նման փորձեցինք ինչ-որ երգեր երգել, չպարալիզանալու համար ինչ-որ շարժումներ անել, բայց ես էդ ամենին չհավատացի. ինչպես բեմի յուրաքանչյուր մարդ, սիրում եմ դիտողի շունչը, էներգիան և անհամբեր սպասում եմ հանդիսատեսի վերադարձին: Սպասելու ընթացքը բնավ ոչինչ չանելը չէ: Մենք որոշեցինք չկանգնել, այլ գործի լծվել: Վաղուց մտքումս պտտվում էին Սլավոմիր Մրոժեկի գործերը. այս հեղինակին ես ծանոթ էի դեռ նախքան Թատերական ինստիտուտ ընդունվելն ու շատ սիրում էի նրա պարզությունը, այդ պարզության մեջ եղող անսահման խորությունը, կյանքի ու մահվան, լինելու ու չլինելու սահմաններ փնտրելն ու կարևոր տեղերում վերջակետ չդնելը։ Առհասարակ, սիրում եմ հեղինակներին, որոնք շատ հարցեր են թողնում օդում, ու ընթերցողը «ստիպված է լինում» ինքնուրույն գտնել դրանց պատասխանները։

«Ամառային օր»-ը հենց այդպիսի ստեղծագործություն է: Եւ ճիշտ նույն սկզբունքով սիրում եմ ներկայացումներ, որոնք, կարծես, անավարտ են մնում ու հանդիսատեսի մտքում թողնում հարցականներ: Միայն այդ պարագայում է դիտողը դարձյալ «ստիպված լինում» խորհել, խորասուզվել և պատասխաններ փնտրել` արդյունքում, կարծում եմ, ավելի լավն ու բարի դառնալով։ Ցանկացած արվեստի գործ` մեծ, թե փոքր, պետք է ունենա իր հասցեատերը, պետք է այդ հասցեատիրոջն ասելիք ունենա, հակառակ դեպքում անհեթեթ ու իմաստազուրկ է նրա գոյությունը: Այս բեմադրության ուղերձները շատ տարբեր են, բայց ինձ համար ամենակարևորներից մեկն անտարբերությունն է, որը կարմիր գծով փորձում եմ տանել ողջ բեմադրության ընթացաքում: Մենք ստեղծագործական կազմի հետ փորձում ենք ցույց տալ անտարբերության մահաբերությունը, թե որքան սարսափելի է, երբ մարդն անտարբեր է իր, դիմացինի և բնության նկատմամբ: Կարծում եմ`ժամանակի համար կարևոր թեմայի ենք անդրադառնում, այս մասին արվեստի լեզվով խոսելն այսօր անհրաժեշտություն է: Հուսանք` շուտով հնարավորություն կունենանք աշխատանքը հանդիսատեսի դատին հանձնել: Մենք նրանց շատ ենք կարոտել:

Լիլիա Մուկուչյան  — դերասանուհի

Համաշխարհային թատրոնը կարանտինային պայմաններում փորձեց գտնել գոյության այլ ձև: Օրինակ, սկսեցին բեմադրվել կամ գոնե փորձեր եղան առցանց ներկայացումների, թատերականացված ընթերցումների և այլն։ Մենք էլ հետ չմնացինք ընդհանուր հոսքից: Ես և Մանվել Խաչատրյանն էդ տեսակ փորձ ունեցանք, սակայն հեռուներից վկայակոչվող մի քանի հազարամյա պատմությունն արդեն իսկ ապացույց է, որ արվեստի այս տեսակի հետաքրքիր լինելու և այո´, գոյություն ունենալու միակ և ճշմարիտ ձևը դերասանի ու հանդիսատեսի միջև եղած անմիջական շփումն է, կենդանի երկխոսությունը։ Եւ այս իմաստով կարծում եմ, որ թատրոնի ապագան ու վերածնունդը շատ վառ ու փայլուն է լինելու։ Նոր տեխնոլոգիաների այս տեմպով զարգացումը կբերի նրան, որ թատրոնը կդառնա միակ կամ գրեթե միակ տեղը, որտեղ հնարավոր կլինի տեսնել կենդանի մարդուն, լսել նրա շնչառությունը, շնչել ու վերապրել նրա հետ։ Սա միշտ արդիական է լինելու։ Եւ թատրոնը կդառնա շատ թանկ ու էլիտար հաճույք, միայն թե սերունդները չկորցնեն իրական էությունը։ Հենց այս էությանը հավատարիմ մնալով մենք չհամաձայնեցինք դադար վերցնել և ձեռնամուխ եղանք նոր գործ սկսելուն: Այս բեմադրության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ կոնկրետ իմ կերպարը ստեղծել է ոչ թե պիեսի հեղինակը` Մրոժեկը, այլ ներկայացման ռեժիսորը` Մանվել Խաչատրյանը։ Կերպարը, կարելի է ասել, չափազանց հավաքական է. այն ներկայացման ռեժիսորն է, թատերախմբի ղեկավարն է, այլ կերպ ասած` մարդ, որը մարմնավորում է թատերարվեստն` իր ամբողջականությամբ: Եւ քանի որ ինչ-որ առումով այն ստեղծվել է հենց ինձ համար (ի սկզբանե հայտնի էր, որ ես պիտի մարմնավորեմ), ապա բավական հոգեհարազատ է ինձ, իմ էությանը։ Կարող եմ նույնիսկ ասել, որ Մանվելն ինձ չափազանց լավ ճանաչելով` էնպիսի կերպար է ստեղծել, որ երբեմն դժվարանում եմ հասկանալ` որտեղ է այն կարևոր սահմանագիծը, որն ինձ զատում է կերպարից։ Արդեն բավական աշխատանք է արված, և կա հնարավորություն ինչ-որ առումով վերլուծել ներկայացման կմախքը և գալ եզրահանգման, որ կերպարի և նաև ողջ ստեղծագործության հիմանական ենթատեքստում ընկած է մարդկային անտարբերության դեմ պայքարը, որովհետև անտարբերությունն ամենամեծ չարիքներից է, եթե ոչ` մեծագույնը, և իմ առջև դրված է վերարտադրել այդ զգացումն այնպես, որ դիտողի համար ընկալելի լինի թե´ մտային, թե´ զգայական շերտերում: Առհասարակ, կերպարին հասնելու բանալիները գտնելն ամեն անգամ նոր ճանապարհներ է ենթադրում։ Յուրաքանչյուր դերասան ունի դրանց հասնելու իր մեթոդները։ Ես ինտուիցիայի դերասանուհին եմ, փորձերի ընթացքում անընդհատ հետևում եմ իմ իսկ ինքնազգացողությանը, արդյո՞ք հավատում եմ ինքս ինձ, թե՞ ոչ. դա շատ կարևոր է։ Իհարկե, եթե գործ ունեմ ուժեղ դրամատուրգի հետ, ապա հաշվի չնստելը նրա հետ կարող է կործանարար լինել հենց ինձ համար։ Հնարավորինս փորձում եմ ծանոթանալ դրամատուրգի այլ գործերին։ Չեմ կարող չնշել դերասանի տեխնիկական պատրաստվածության մասին, առանց որի ուղղակի չեմ պատկերացնում ստեղծագործական աճ։ Այն նմանեցնում եմ սպորտի հետ. որքան լավ մարզավիճակում է մարզիկը, այնքան մոտ է հաղթանակը։ Բացի ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածությունից մեծ դերակատարում ունի նաև ոգեշնչման աղբյուրը, որը նույնպես ամեն անգամ տարբեր կարող է լինել։ Շատ կարևոր է թատրոնում գտնել ընկեր, համախոհ, հենասյուն։ Այդպես հաճախ չի պատահում դերասանների հետ: Ես շատ հաջողակ մարդ եմ, քանի որ ստեղծագործական անսահման դժվար ճանապարով քայլում եմ Մանվել Խաչատրյան արվեստագետի հետ և ինձ շատ ապահով եմ զգում։ Այդ զգացողությունը թևեր է տալիս և մղում ավելի մեծ գործեր կատարելու անհագ ցանկության:

Ամեն ինչ առջևում է, որովհետև թատրոնը սպասում է…

Զրույցը վարեց Արմինե Բոյաջյանը

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.