Connect with us

Լրահոս

Վանի բնակիչները պահանջում են վերականգնել Լիմ կղզու Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին

Խմբագիր

Հրապարակվել է

Թուրքիայի քաղաքացիները, Վանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով,  իշխանություններից պահանջում են վերականգնել Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզու (թուրք․ անվանումը՝ Ադըր) Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Վանի բնակիչները համոզված են, որ Լիմը կարևոր տեղ է զբաղեցնում կրոնական զբոսաշրջության տեսանկյունից, և շեշտում դեռ կանգուն մնացած եկեղեցու կառույցները հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտության մասին։

Akunq.net–ի փոխանցմամբ՝  անցյալ տարի «Րեսմի գազեթե» պաշտոնաթերթում հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման համաձայն՝ Վանա լճի 4 ամենամեծ կղզիներից 3-ը, այդ թվում՝ Լիմ կղզին, ընդգրկվել են բնական արգելոցի տարածքում։

Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Լիմում հիմնել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գտնվել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիները։

«Դողան» գործակալության թղթակիցը գրում է, թե 11-րդ դարում սկսված Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1305 թվականին։ 1766 թ․ ավելացվել են ժամատունը, մատուռը և քահանայատունը։ Մինչև 1918 թ․ գործած վանական համալիրը, լքվելուց հետո, ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին։

Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ Լիմ կղզու դիմաց գտնվող Յայլըքայա թաղամասի բնակիչներն ընդգծում են մեր օրեր հասած վանական համալիրի շինությունների վերականգնման և Լիմ կղզում կրոնական զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։

Յայլըքայայի ավագանու անդամներից Բիլալ Ֆըրաթը գործակալության թղթակցի հետ զրույցում շեշտել է Լիմի հայկական եկեղեցու նշանակության մասին, իսկ թաղամասի բնակիչներից Ահմեթ Չըքլան թուրքական իշխանություններից խնդրել է վերականգնել Լիմ կղզու կառույցները և այս շրջանում ևս զարգացնել զբոսաշրջությունը։

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.