Connect with us

Լրահոս

Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի արտառոց դեպքն ու վտարված 20 հայ ուսանողները

Խմբագիր

Հրապարակվել է

Վենետիկում գտնվող Մուրադ-Ռափայելյան վարժարանը Եվրոպայում գտնվող հայկական ամենահզոր վարժարաններից մեկն է եղել։ Վարժարանի դարբնոցում են կրթվել ու հայտնի դարձել այնպիսի հայ մեծեր, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Վահրամ Փափազյանը, Էդգար Շահինն ու շատ ուրիշ մեծություններ։ Վարժարանում դասավանդում էին Ալիշանի, Հացունու և Սինանյանի նման տիտաններ։ Հատկանշական է, որ վարժարանն այնքան մեծ համբավ ուներ, որ Ֆրանսիայի ու Իտալիայի կառավարությունների կողմից ստանում է լիցեյական իրավունք։

1913 թվականի դեկտեմբերի 31-ի մամուլը սկսեց խոսել վարժարանում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։ Թերթերը գրեցին, որ վարժարանից արտաքսվել է 20 հայ ուսանող։ Սկզբնական շրջանում սփյուռքի հայ պարբերականները սկսեցին մեկնաբանել իրադարձության միայն մեկ կողմը՝ արտաքսված տղաների տեսակետը։ Մամուլն այսպես էր մեկնաբանում իրադարձությունը․

«Վենետիկէն կը հասնի ցնցող լուր մը, զոր վերապահութեամբ կը հրատարակենք, սպասելով լուսաբանութիւն մը պատկանեալ մարմինէն։ Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանի տեսչութիւնը քսան ուսանողներ, բոլորն ալ լուսաւորչական Հայեր, արտաքսած է, այն պատրուակով՝ որ անոնք «յանդգնած» են հետեւեալ «անկեղծ խնդրանքները»  «շատ խոնարհաբար հայցելու»․-

«Ա․ Թոյլ տրուի իւրաքանչիւր աշակերտին՝ խղճի հանդարտութեամբ մշակելու վարժարանիս գէթ Գ․ տարին՝ իւր մասնաճիւղը։

«Բ․ Եթէ կարելի է, շնորհել մեզի այն ազատութիւնը զոր կը վայելենք մեր ծնողաց քով, որով ձեր իսկ հաւանութեամբ՝ 1) Մեր նամակներու ընթերցումին ջնջումը և 2) Մեր պտոյտներու մէջ քիչ մը ազատութիւն տրուի, որուն փոխարէն կը խոստանանք շատ բարձր պահել այս դպրոցին ու ձեր անունը»։ Վտարուած աշակերտները, որոնց նոյն իսկ պատեհութիւն չէ տրուած ինքզինքնին պաշտպանելու կամ «զղջալու», հետեւեալներն են․ Գէորգ Պալապանեան, Նշան Սարաֆեան, Գառլո Գույումճեան, Հայկ Սերոբեան, Արտաշէս Տէր Յովհաննէսեան, Հայկազ Մէլքիսէթեան, Մանուկ Խանպէկեան, Արտաշէս Մկրտիչեան, Անտոն Ղուկասեան, Վահան Գոչեան, Վահրամ Կիւրճեան, Ամիրխան Միլտոնեան, Յարութիւն Չախալ, Յակոբ Ալէմշեան, Արա Մարիմեան, Արիս Հիւսէլինճեան, Տրդատ Ջիվանեան, Սարգիս Յովակիմեան, Բիւզանդ Աժտէրեան և Երուանդ Գրիգորեան»։ («Ազատամարտ» օրաթերթ, 1913 թվական, դեկտեմբերի 31-ի համար)։

 

«Վենետիկէն կիրակի առաւօտ Պոլիս հասան 20 հայ ուսանողներ, ամենքն ալ Մխիթարեան վարժարանի ընթացաւարտ, որոնք իրենց ուսումը ամբողջացնելու համար ղրկուած էին Մուրատ-Ռափայէլեան վարժարանը։ Ասոնք արտաքսուած են իբրեւ անհնազանդ վարժարանին կարգերուն ու կանոններուն, բայց աշակերտներուն հաղորդած տեղեկութիւններէն կը հասկցուի, որ իրենք չեն գտնուած բնաւ իրենց վրայ վարժարանէն արտաքսուելու չափ խիստ պատիժ հրաւիրող ընթացքի մէջ։ Անշուշտ վարժարանին Տնօրէնութիւնն ալ իր կարգին բացատրութիւն մը պիտի տայ այս մասին․․․․»։ («Բիւզանդիոն», 1913 թվական, դեկտեմբերի 31-ի համար»)։

Պարբերականները ներկայացնում էին կատարվածի միակողմանի մեկնաբանությունն ու ընդգծում, որ սպասում են վարժարանի տնօրինության մեկնաբանությունը։ Եթե ընթերցողը հիմք ընդուներ միայն միակողմանի մեկնաբանությունը, ապա այս դեպքը աբսուրդային կթվար։ Սակայն իրադարձությունից ամիսներ անց վարժարանի աշակերտների միության ամսագիրը ներկայացնում է ամբողջ կատարվածը․

   

«Հինգ վեց ամսէն շրջաննին լրացնելով համալսարանական ըլլալու հաւանականութիւն ունեցող երկու աշակերտ, որոնց անունները տալ աւելորդ կը համարինք, կը համոզեն գրեթէ բոլոր աշակերտները և ստորագրել տալով անոնց ծանոթ վերջնագիրը, կը յանձնեն Տեսչութեան, իրենց գոհացում չի տրուելու պարագային կարգ մը սպառնալիքներ ընելով․ սպառնալիքներ՝ որոնց վրայ փոքր գաղափար մը կրնայ տալ վերոգրեալ յետ գրութիւնները»։ Վ․ Տեսուչը ի զուր կը ջանայ տարհամոզել զիրենք, և տեսնելով որ յորդորները օգուտ չունին և թէ հարկ պիտի ըլլայ բոլորովին փակել վարժարանը, քանի որ անհնարին է գոհացնել անոնց արտառոց պահանջները՝ կտրուկ միջոցի մը կը դիմէ և կը վտարէ երկու պարագլուխները, յուսալով այսպէս հանդարտեցնել մնացածները։ Հետեւեալ առաւօտ եօթն աշակերտ ևս կը ներկայանան Վ․ Տեսչին և կը յայտարարեն, որ եթէ երբէք անթել հեռագրով ետ չի կոչուին երկու ճամբուածները՝ պիտի կոտրեն, թափեն ևն, և քսանչորս ժամ պայմանաժամ կուտան։ Վ․ Տեսուչը, ճարահատ, Օսմ․ հիւպատոսին կը պարզէ խնդիրը։ Սա կուգայ մի քանի ծպտեալ ոստիկաններով և աշակերտները հաւաքելով վարժարանին սրահին մէջ, կը յորդորէ զամէնքը հպատակելու վարժարանին կանոններուն։ Աշակերտք չեն ուզեր մտիկ ընել և աղմկայոյզ կերպով կը պահանջեն իրենց ընկերներուն վերադարձը և գրաւոր առաջարկներուն ընդունուիլը։ Բացայայտօրէն ըսելով թէ ուրիշ որևէ կարգադրութիւն պիտի չընդունին։ Հիւպատոսը կը զատէ այդ եօթն ալ և կը ղրկէ ոստիկանատուն․ յառաջ կը նետուին ուրիշ տասնեւմէկ աշակերտներ ևս որք պօռալով կանչելով կուզեն մասնակից ըլլալ իրենց ընկերներուն բաղդին, և կը կատարուի փափաքնին։ Ահա պատմութիւնը իւր պարզ և համառօտ գծերուն մէջ»։ («Ամսօրեայ տեղեկատու»․ Մուրատ-Ռափայէլեան նախկին Աշակերտաց Միութեան, 1914 թվական, յունուար-փերուար-մարտ, թիւ 3)։

Այս ամենից պարզ է դառնում, որ աշակերտների մի խումբ որոշել էր ընդդիմանալ վարժարանի օրենքներին և նոր կարգ ու կանոն հաստատել։ Սակայն տասնամյակների ընթացք ունեցող այդ կառույցը չէր կարող հետ կանգնել իր որդեգրած օրենքներից։ Հատկապես այն դեպքում, որ ընդունվողները նախապես ծանոթանում էին վարժարանի կարգ ու կանոնին։ Անկախ ամեն ինչից, վարժարանը մեծ հետք թողեց հայոց մշակույթի, արվեստի ու հայագիտության զարգացման գործում։ Այնտեղ առաջնային էր հայն ու հայկականը։ Նրանք գործում էին օտար ափերից դուրս, սակայն գործում էին հայրենիքի համար։ Հիմա շատերի համար երազանք է, որ Հայոց հողում օրերից մի օր բացվի նմանատիպ վարժարան, որտեղ նույնպես կարևոր կլինի հայոց լեզուն, հայոց կրոնն ու հայոց մշակույթը։

Զ․ Շուշեցի

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.