Connect with us

Լրահոս

ՀՀ-ում խաղի տեսուչը ծխախոտը հանգցրել է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի տնօրենի երեսին. ակումբը դիմել է ՀՖՖ

Խմբագիր

Հրապարակվել է

Ոչ ֆուտբոլային միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-20 առաջնության 25-րդ տուրի «Տորպետդո» – «Դիլիջան» (1:1) խաղի ընթացքում: Հունիսի 12-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման տեսուչ Կամո Մահտեսյանը ծխախոտը հանգցրել է «Դիլիջանի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանի դեմքին: Մելիքյանը «Հայկական ժամանակ»-ին ներկայացրել է մանրամասները:

Նա նշում է, որ հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում փոքրիկ զրույց է եղել իր ու Մահտեսյանի միջեւ: Ինքը նրան արեւածաղիկ է առաջարկել, ինչից Մահտեսյանը հրաժարվել է: Մելիքյանն էլ կատակել է՝ այնպիսի տպավորություն է, թե իրենք Չեմպիոնների լիգայի հանդիպում են դիտում: Շարունակելով ներկայացնել տեղի ունենածը՝ Մելիքյանն ասում է, որ ընդմիջմանն ինքը գնացել է հանդերձարան ու սպասել, թե երբ են դուռը բացելու: Նրան մոտեցել է Մահտեսյանը, ասել, թե ով է նրան թույլ տվել իր հետ այդպես խոսել, հայհոյել է, ծխախոտը հանգցրել դեմքին ու փորձել քարշ տալ դեպի ժողովների սենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, որ ծեծկռտուք սկսվի: Մելիքյանը խոստովանում է, որ տեղի ունեցածից հունից դուրս է եկել, ու ինքն էլ Մահտեսյանին է հայհոյել:

Ըստ Մելիքյանի՝ միջադեպն այսքանով ավարտվել է, սակայն իրեն թույլ չեն տվել 2-րդ խաղակեսը դիտել տրիբունաներից, իսկ մրցավարներն էլ վիճելի որոշումներ են կայացրել ի վնաս «Դիլիջանի», ինչի պատճառով իրենք 2 միավոր են կորցրել: Բացի այդ, Մելիքյանի տեղեկություններով՝ Մահտեսյանը մրցավարների ու «Դիլիջանի» աշխատակիցների շրջանում խոսակցություններ է տարածել, ըստ որոնց, արեւածաղիկ առաջարկելիս Մելիքյանը վիրավորել է նրան, ինչպես նաեւ խաղի ընթացքում հայհոյել է մրցավարներին:

Մելիքյանը ոստիկանություն չի դիմել, սակայն ՀՖՖ բողոք է ուղարկել: Դրանում ներկայացրել է միջադեպը՝ ավելացնելով, որ խաղից առաջ կայացած ժողովի ժամանակ նույնպես Մահտեսյանն ագրեսիվ պահվածք է դրսեւորել: Մելիքյանը բողոքում նաեւ ասել է, որ Մահտեսյանի ու իր միջեւ նախկինում որեւէ միջադեպ չի եղել:

«Հայտնում եմ Ձեզ, որ իմ ու Մահտեսյանի միջեւ երբեւիցե որեւէ միջադեպ չի եղել, որոշ ժամանակաշրջան մենք նաեւ աշխատել ենք միասին նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, ես՝ որպես ակումբի տնօրեն, նա՝ որպես ակումբի մարզիչ: Սակայն ենթադրում եմ, որ իր թշնամական վերաբերմունքն իմ անձի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ ես գիտեմ, թե ով է ինքն իրականում եւ իր մրցավարական գործունեության ժամանակաշրջանում ինչպիսի ահռելի վնաս է տվել հայկական ֆուտբոլին եւ որոշ ակումբներին մասնավորապես: Հայցում եմ միջադեպի Ձեր արդար եւ օրինական լուծմանը»,- այսպես է ավարտվում բողոքի տեքստը:

ՀԺ-ն միջադեպի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՖՖ: Ֆեդերացիան, ի պատասխան, հայտնել է, որ մոտ օրերս կկայանա Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ կքննվի նաեւ «Տորպեդո» – «Դիլիջան» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպը, իսկ դրա վերաբերյալ որոշումը կհրապարակվի նիստի արձանագրության մեջ:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.