Connect with us

Լրահոս

Ստեղծագործելը ազատություն է, որի համար դու թանկ ես վճարում․ Արթուր Հայրապետյան

Խմբագիր

Հրապարակվել է

Haym.am -ի զրուցակիցը  գրող, լրագրող, սցենարիստ Արթուր Հայրապետյանն է, ով Հայաստանի գրողների միության երիտասարդական սեկցիայի, ինչպես նաև՝ ԱՄՆ հայ գրողների միության անդամ է։

 

Արթուր, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր հասարակությունում ընթերցանության մշակույթը և այն խթանելու ի՞նչ տարբերակներ եք տեսնում։

Կա ընդհանուր անտարբերություն, որի համար մենք ոչինչ չենք անում։ Ինձ ասում են, որ գիրքը նոր ժամանակներում կորցնում է իր «հեղինակությունը», որովհետև, եթե դու համացանցի միջոցով կարող ես մի բան գրել, ու քեզ կարող են բազմաթիվ մարդիկ հավանության արժանացնել, ապա գիրքը և՛ ժամանակատար է, և՛ ծախսատար։ Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ գիրքը պետք է սիրել, ունենալ ու արժևորել։

Ընթերցողի խնդիր միշտ է եղել։ Գրողին ընթերցողը պետք է ճանաչի, գտնի, հետաքրքրվի։ Պետք է ճանաչողություն ձեռք բերես:

Պարզապես պետական մակարդակով այսօր գրողը ոչ միայն գնահատված չէ, այլ նաև գրողին չեն խրախուսում, որ գրի և ուրիշ բաների մասին չմտածի։ Հիմա կասեք, բա ինչպես է առաջներում եղել։ Առաջներում եղել է կրթության միջոցով և նաև կարգերն են այլ եղել, որ երբեք հետ գնալու իրավունք չունենք, այլ նորանալու և նորանալու մեջ՝ ինքնատիպություն ձեռք բերելու։ Մենք այնքան վատ բաներ ենք տեսել, որ շատ դեպքերում, չես կարող շատ բան պահանջել այսօր։ Մենք անընդհատ կորցնող ենք եղել, իսկ երբ մարդը կորցնում է, գտնելու դեպքում չի հավատում իր գտածին։

Կրթական համակարգում մի շարք ծրագրեր փորձեցին կյանքի կոչել, որ ընթերցանությունը գոնե դպրոցականի կյանքում մնա, բայց, միևնույն է, ես մնում եմ այն կարծիքին, որ բոլոր տարիքային խմբերը պետք է, անկախ զբաղվածությունից, սիրեն գիրքը։ Այ թե մենք ինչ պետք է անենք, որ ընթերցանությունը բերենք առաջին պլան, միշտ եմ ասել` ինքնակրթվելու և քաղաքակրթվելու միակ միջոցը` գիրք կարդալն է, շատ կարդալը։ Շատ կարդալուց հետո՝ ընտրելը։ Եթե տեղեկացված չես, չես կարող ընտրել, թե ինչ կարդալ։

 

– Ավարտել եք Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանը։ Ինչքանո՞վ եք մոտ հիմա ձեր մասնագիտույթանը և ի՞նչ են ձեզ համար թատրոնն ու կինոն։

 Գիտեք, այս հարցերը ինձ համար ցավոտ են, որովհետև ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ ինչ արվում է այսօր կուրորեն ծափ տամ և փչացնեմ` համարելով, որ ամեն ինչ հրաշալի է։ Չէ։ Մենք չունենք այսօր կինո։ Մենք դրամատուրգիա չունենք։ Չունենք, որովհետև մեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում։ Ֆիլմարտադրություն չունենք և, կրկին պետք է ասեմ, որ պետությունը չի խրախուսում արվեստի մարդկանց։ Բոլոր ժամանակներում արվեստի մարդկանց խմբավորել են ու ըստ խմբերի վերաբերվել։ Եվ այդ ընթացքում մենք արժեքավոր բաներ չենք ստեղծել, որովհետև մեզ մոտ տարիներով թատրոնի գեղարվեստական ղեկավարները մնացել են նույնը՝ իրենց համարելով աշխարհի ամենատաղանդավորը։ Սովետի մտածողության միջից դուրս չգալով, այլ միտք, երևակայություն, իրենցից այն կողմ չտեսնելու մոլուցքով տարված, չեն հանդուրժել եկողին։ Ջահելներին հնարավորություն չեն տվել, որ բան ստեղծեն։ Այսինքն՝ ռեսուրսներ են պետք, որ բան ստեղծես։ Դու կարող ես ստեղծագործական միտք ունենալ, բայց դա քիչ է։

Դերասաններ ունենք, որոնց չեն օգտագործում։ Եթե դերասանը չունի իր ռեժիսորը, նա դառնում է անդամահատված, հաշմանդամ, ոչ լիարժեք, ինչքան էլ, որ տաղանդը շատ լինի։ Դա էլ է տխուր։

Ես միշտ ասում եմ, որ թատերական ինստիտուտի ուսանողը պետք է պրակտիկա անցնի դրսում։ Հատկապես ապագա ռեժիսորները պետք է շատ բան տեսնեն։ Մեզ մոտ ինչ կա, շատ քիչ է։ Դրա համար ավարտում են ուսանողներն ու մնում փոքր մտածող։ Իսկ աշխարհում հիմա ինչ ասես կա։ Եվ այդ ինչ ասես կա-ի մեջ, մենք դեռ փորձեր ենք անում, որ մի բան ստեղծենք։ Դրա համար էլ նորանկախ շրջանից մինչև այսօր մենք մի արժեքավոր ֆիլմ չունենք։ Դաշտը տվեցին ապաշնորհներին, ապաշնորհներն էլ մայմունությունից զատ, ոչինչ չկարողացան անել։

 

– Բացի գրական հարուստ պաշար և ստեղծագործական միտք ունենալուց ի՞նչ պետք է ունենա լավ գրողը, որպեսզի կարողանա տարբերվել մի շարք այլ գրելու ձիրք ունեցող մարդկանցից։

Գրողը պետք է շնորհալի լինի։ Կամ կա, կամ չկա։ Հա, շատերը կարող են գրել, բայց ոչ բոլորը լինել գրող։ Դա միշտ է եղել։ Ես գրում եմ, որ ինձ սիրեն։ Այս միտքը նաև Մարկեսն է ասել, ես էլ նրա միտքը ինձնով եմ արել, որովհետև սիրել եմ։ Գրողը պետք է նախ ինքն իր հետ ազնիվ լինի։ Եթե ազնիվ ես ուրեմն հաջողել ես։ Ես հիմա քիչ եմ գրում, որովհետև դատարկված եմ։ Իսկ ստեղծագործող մարդը պետք է միշտ լցվի։ Հիմա շատ կարդում եմ։

Առհասարակ, եթե առաջ ես ասում էի, որ մեզ մոտ ճահճացած վիճակում է մշակույթը, ապա հիմա` կարծրացած։ Դրա համար պետք է մեր կյանքում բաներ տեղի ունենա։ Մեզ պակասում է շարժումը։ Մենք գրեթե ամեն օր արթնանում ու քնում ենք նույն պատկերների, նույն բանի մասին մտածելով։ Այսինքն՝ մեր կյանքում բան չի փոխվում։ Հարցը լավ ուտելու և լավ աշխատանք ունենալու մասին չէ։ Հետո, մի՛ մոռացեք․ մի երկրում, որտեղ հասարակությունը խիստ քաղաքականացված է, այդ հասարակությանը չի՛ կարող հետաքրքրել մշակույթը։ Դա նաև մեր սոցիալական վիճակից է։ Եթե դու լավ չես ապրում, քո մտավոր տարածքը սահմանափակվում է։ Դու զբաղվում ես այն ամենով, ինչը քեզ ապրելու հնարավորություն է տալիս։ Իսկ մշակույթը հոգևոր սնունդ է։ Չես կարող սոված փորիդ գիրք կարդալ ու քեզ համարել երջանիկ։ Նույնն էլ ստեղծագործող մարդու մոտ է։ Սուտ է այն միտքը, որ պետք է սոված լինի գրողը։ Երևի էդ միտքը մեր վերջին շրջանի ղեկավարներին շատ է դուր եկել, ու միշտ ստեղագործող մարդուն սոված են պահել։ Եվ, վերջացնելով միտքս ասեմ, որ մենք մշակույթի հանդեպ պատասխանատվություն զգացում չունենք, ինչպես որ  շատ հարցերում։

 

– Դուք մի քանի ուղղությամբ եք գործունեություն ծավալում՝ գրող, սցենարիստ, լրագրող։ Ո՞րն է առաջնայինը և ամենահոգեհարազատը։

 Ես հիմա զբաղվում եմ լրագրությամբ։ Քաղաքական, վերլուծական հոդվածներ եմ գրում, որովհետև հետաքրքրված եմ երկրում տեղի ունեցող քաղաքական կյանքով, ինչի համար չեմ կարող իմ կարծիքը չհայտնել։ Նաև, դրան զուգահեռ գրական-գեղարվեստական գործեր եմ գրում, բայց մեկը մյուսին խանգարում է։ Բայց, քանի որ ոչինչ մեր կյանքում տեղի չի ունենում, ես ոչ թե դրանից բան եմ կորցնում, այլ մնում եմ մի քանի քարերի արանքում։ Մի կողմից պետք է ապրել, մյուս կողմից չկորցնել քո տեսակը, սկզբունքները։ Ես մի բան անելուց, պետք է լավ անեմ։ Չստացվի, որ գովում եմ ինձ, որովհետև ինձ այնպես չի, որ բոլորն են սիրում, ու դրա համար էլ դարդ չեմ անում։ Ուղղակի ես ինձ եմ լավ ճանաչում։

Սցենարներ ունեմ գրված։ Անգամ լիամետրաժ ֆիլմերի սցենարներ, բայց դրանք  մնացին, որովհետև նախորդ հարցերին պատասխանելու ժամանակ ասացի, որ ֆիլմարտադրություն չունենք։ Կներեք, բայց չեմ կարող իմ սցենարները տալ մեկին, որի կարողությունները լավ գիտեմ։ Որը ոչ թե սցենարի, այլ անգամ ասելիքի առումով ոչինչ չի կարող անել։ Այսինքն՝ եթե չկա միս ու արյուն տվողը, չես կարող ապրեցնել մի բան, որը քեզնից կախված չէ։

Կուզեի ռեժիսոր լինել և իմ սցենարներով ֆիլմեր նկարել, բայց դա մեծ պատասխանատվություն է։ Չեմ կարող անել մի բան՝ պարզապես անելու համար։ Ես ինքս իմ հանդեպ բավականին խիստ եմ ու պահանջկոտ, ինչպես որ պահանջկոտ եմ դիմացինի արած գործի և անկեղծության.. և այդպես շարունակ։

 

Չափածո՞, թե արձակ։

Արձակ, որովհետև արձակը ինձ համար ազատության անսահման հնարավորություններ է տալիս։ Արձակը նաև իր մեջ չափածոն է առել։ Հիմա հնարավոր է գրականագետները իրենց ընդգծված ու իրենց քննող տարածքներից խոսեն, թե ինչ եմ ասում։ Ասեմ․ ես միշտ սիրել եմ չենթարկվել և միշտ տարածքներ հատել։ Ազատությունը դրա համար եմ սիրում, որի համար միշտ կռիվ եմ տալիս։ Իսկ ստեղծագործելը ազատություն է, որի համար դու թանկ ես վճարում։

 

– Բավականին ակտիվ եք սոցիալական հարթակներում։ Ի՞նչ նշանակություն ունի ֆեյսբուքը Ձեզ համար։

Ֆեյսբուքն ինձ համար արտահայտվելու միջոց է։ Դու կարող ես քո կարծիքը գրել և գիտես, որ քեզ հետևում են մարդիկ՝ տարբեր մասնագիտությունների տեր ու պատասխանատվություն ես կրում՝ լինել անաչառ ու առանց կողմնապահությունների։ Նաև վստահության խնդիր կա։ Ես չգիտեմ, թե իմ խոսքը ինչքան է արժևորվում, բայց, քանի որ ես լռող տեսակ չեմ, նաև անհանգիստ մարդ եմ, փորձում եմ Ֆեյսբուքի միջոցով խոսքս տեղ հասցնել։ Կարծում եմ, ինչքանով, որ ստացվում է, ստացվում է։

Անկեղծությունը միշտ հաղթում է։ Ես մի քիչ զգացմունքային ու բռնկուն մարդ եմ, ու ինձ դրա համար հնարավոր է, որ չսիրեն, նորմալ է, բայց կարևորը ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Չունեմ հետին մտքեր.. չգիտեմ։

 

– Հայաստանում մեդիագրագիտության մակարդակի տխուր պատկերի մասին բոլորն են խոսում։ Ձեր կարծիքով մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ի՞նչ քայլեր են անհարաժեշտ։

Այո, իսկապես տխուր է։ Կրթության և օրենքների միջոցով կարող ես հասնել դրական արդյունքի։ Օրենք, որը կգործի ու կզսպի մարդուն, կրթության միջոցով էլ կունենանք մեդիագրագիրտություն։

Մի մոռացեք, որ տարիներով փորձել են բթացնել մարդուն։ Եվ ասեմ, որ նախկին իշխանություններին հաջողվեց բավականին կարևոր ոլորտներ փչացնել։ Միանգամից չենք կարող առողջացնել դաշտը։ Դրա համար մեզ պետք է պրոֆեսիոնալ մարդկանց թև տալ և այդ փոխշահավետ միջոցներից ձերբազատվել։

 

– Ապագայում ի՞նչ նորություններ եք նախատեսում Ձեր ընթերցողների համար։

Նոր վեպ եմ սկսել։ Սկսելուց ես քիչ եմ մտածում, որովհետև ինչ գալիս է գրում եմ, հետո՝ մշակում։ Հերոսների բնավորություն, վեպի գիծը պահել։ Հազար ու մի բան կա, որ պետք է անես, մինչև ավարտին հասցնելը։

Դեռ չեմ հասել ավարտին։ Չեմ մտածում, որովհետև ես միշտ արդյունքի վրա եմ մնում։ Կավարտվի։ Ու քանի որ անկախությունից մինչև այսօր մենք գրական հերոսներ էլ չունենք, դրա համար իմ այս նոր վեպը ինչ-որ տեղ գալիս է բացը լրացնելու։ Ծանր ու ծավալուն գործ է։ Բայց մտքի վրա չպետք է ծանրանալ ու նեղացնել։ Միտքը միշտ պետք է արթուն պահես, որ շնչառության հաշվին ապրումները ընթացք ստանան։

 

Բլից հարցեր

 – Ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք ապրել և որտե՞ղ։

Կապրեի Հայաստանում ու կուզեյի ապրել վերածննդի դարաշրջանում։

– Մեկ խորհուրդ, որ կտայիք Ձեզ՝ 16 տարեկանում։

 Վայ.․․ հասունություն։ Չնայած, ես այդ տարիքում արդեն հասուն էի մտածում, բայց միամտության առումով, գուցե։ Միամիտ եմ..

 – Ամենասիրելի գրական ստեղծագործությունը։

 Շատ են, մեկը մյուսին նման չեն, դրա համար չեմ կարող առանձնացնել։ Այդպես ճիշտ չի լինի։

Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեք։

Մարդ եմ։ Եթե դա տաղանդի հետ կապ ունի, ապա` մարդ։

 Եթե չլինեիք հայ, ապա ո՞ր մշակույթի կրողը կցանկանայիք լինել․․․

Չէի կարող չլինել հայ, որովհետև իմ նախնիները հայ են։ Եվ երբեք չեմ մտածել, թե որ մշակույթի կրողը կլինեի։ Մեր մշակույթը այնքան հարուստ է, որ բոլորը կերազեին մեր տեղում լինել։ Միակ բանը քաղաքակրթվելն է, որն ուզում եմ տեսնել շուրջս։

 

Սյուզի Սիրականյան

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.