Connect with us

Լրահոս

Մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող եւ 2020-ի մարտի 13-ից մինչեւ 25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան

Խմբագիր

Հրապարակվել է

Մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող եւ 2020-ի մարտի 13-ից մինչեւ 25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան։ Նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Սա միանվագ սոցիալական աջակցություն է անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին»,- ասաց նա։

Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.

Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել:

Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած։

Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կամ հարյուր հազար դրամի սահմաններում։ Նա հավելեց, որ դա դեռեւս չի հստկեցվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել՝ ովքեր կան ՀՀ-ում, մենք բոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձեւավորված է, գնում ենք առաջ»։

Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց բոլոր 5 ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի. «Չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 9:00-ից, այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»:

Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ունեն բոլոր այն անձանց տվյալները, որոնք այդ ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից։ Նա նշեց, որ պետական ծառայողներին սա չի վերաբերում, 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողներին չի վերաբերում։ Իսկ թե նրանցից քանիսը մինչեւ 14 տարեկան երեխա ունեն, դեռեւս հասանելի չէ։

Վարչապետն ասաց, որ դրա համար դիմում պետք չի լինի, սակայն, եթե մարդիկ կունենան խնդիր, կարող են դիմել նախարարություն։

«Մենք հիմա մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողներինն ենք արագ լուծում, մնացածի մասով որոշում կկայացնենք դեռ։ Հաջորդ չորեքշաբթի օրը մարդիկ կարող են այդ գումարը ստանալ։ Եթե մարդը քարտ ունի, մենք գիտենք դրա տվյալները, ավտոմատ կարող ենք փոխանցել այդ հաշվեհամարներին»,- ասաց վարչապետը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ պետք է այնպես անել, որ, օրինակ, երեկ աշխատանքից ազատվածը հաջորդ օրը մեկ այլ աշխատանքի ընդունվելով՝ չօգտվի այս ծրագրից։

ՊԵԿ նախագահն ասաց, որ այդ տվյալները եւս իրենց մոտ կան։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.