Connect with us

Լրահոս

Մնջախաղի թատրոնի շենքում ամրակայման աշխատանքներ են ընթանում՝ առանց հուշարձանի փոփոխության

Խմբագիր

Հրապարակվել է

[tps_title]

[/tps_title]

Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքը վերջին օրերին սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել, թե թատրոնին տրամադրվող շենքը հուշարձանների ցանկում է գրանցված և որևէ փոփոխություն կատարել չի կարելի։

Ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ Արա Խզմալյանը, Նարինե Խաչատուրյանը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Անհիմն են այդ քննադատությունները, քանի որ մենք որևէ կարգ չենք խախտել»,- նշեց Խզմալյանը:

Փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ Քոչար 21 հասցեն գրանցված չէ որպես պատմամշակութային արժեք, ավելի հստակ` այդ շենքի որոշ հատվածներ ներառված են հուշարձանների ցանկում, բայց ոչ այդ հատվածը։

«Մենք այդ փաստը կարող էինք հիմք համարել ու որևէ գիտամեթոդական նիստ չանցկացնել, սակայն երկու նիստ ենք անցկացրել, որպեսզի տեղում կառուցվող թատրոնի շենքի նախագիծը քննարկենք: Գիտամեթոդական առաջին նիստի ժամանակ նախագիծը չի ընդունվել, քանի որ ներկայացված փաստաթղթերը կիսատ են եղել, իսկ երկրորդ նիստի ժամանակ մասնակիցներն իրենց դրական պատասխանն են տվել նախագծին»,–ասաց Խաչատուրյանը:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ ոչ թե մեկ հարկ են ավելացնելու շենքի վրա, այլ ներսից առաստաղի մի հատվածն են 1.5 մետր բարձրացնելու, որպեսզի բեմը կարողանան այդտեղ կառուցել։

«Երևանի քաղաքապետարանից նոյեմբերի 20-ին մենք ստացել ենք շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, ինչից հետո սահմանված կարգով տեղեկացրել ենք համայնքին ու տեսչական մարմնին: Ներկա պահին շենքում ամրակայման աշխատանքներ են ընթանում, առանց հուշարձանի փոփոխության: Այս պահին քանդվում են ներքին պատերը, տանիքն է փոխվելու: Այս տարվա 45 մլն դրամը հատկացվելու է վերը նշված աշխատանքների համար, իսկ ընդհանուր առմամբ նախահաշվային արժեքը 200 մլն դրամը գերազանցում է: Թատրոնում նոր հարկ չի կառուցվում, այլ առաստաղը բարձրացնելու համար դրա մի հատվածն են 1.5 մետր բարձրացնելու, որպեսզի բեմը կարողանան այդտեղ կառուցել»,- նշեց Միրզոյանը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք միակ պետական թատրոնն են, որ չունեն շենք, սակայն միջազգային փառատոն են անցկացնում:

«36 տարի է` պայքարում ենք թատրոնի շենք ունենալու համար, ու հիմա, երբ պետությունը մեզ տարածք է տրամադրել, որոշ մարդիկ սկսել են անգամ կարծիք հայտնել, թե արդյո՞ք մեզ պետք է մնջախաղի թատրոն։ Եվ սա այն դեպքում, երբ մենք միակ պետական թատրոնն ենք, որը չունի շենք, բայց միջազգային փառատոն է անցկացնում: Ես ցանկանում էի, որպեսզի շենքը տրամադրվի կենտրոնում, քանի որ այն ժանրային, կամերային թատրոն է և զբոսաշրջիկները շատ են այցելում, քանի որ թարգմանության խնդիր չկա»,– շեշտեց Դադասյանը։

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին:

Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.