Connect with us

Լրահոս

Լինելու ենք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հաբ

Խմբագիր

Հրապարակվել է

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու դրանց ստեղծած նոր հնարավորությունները շարունակաբար վերափոխում են շուկաները՝ առաջարկելով տվյալների կառավարմանը հենված ամբողջովին նոր մոդելներ ու կենսակերպ։ Էներգետիկան այդ տրանսֆորմացիայի մաս է կազմում ամբողջ աշխարհում։ Կայուն էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստանալ այն հարցի պատասխանը, թե մեր էլեկտաէներգետիկ ընկերութունները ինչ նպատակներ են իրենց առջեւ դրել։
Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, այդ նպատակներից են վերականգնվող եւ էներգախնայող արտադրությունների զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակներում էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման ապահովումը։ Նաեւ՝ հարեւան երկրների էներգահամակարգերի հետ սերտացման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ արտադրող, հաղորդող եւ մատակարարող էլեկտրացանցերի ու էներգետիկ օբյեկտների կառուցումը, վերազինումն ու արդիականացումը։
Ըստ ՏԿԵ նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի՝ ներկայումս ընկերությունները որդեգրել են նոր մոտեցումներ եւ շարունակելու են չափելի արդյունքներով ապահովել գործունեության կառավարման արդյունավետությունը։ Վերանայվել եւ ընտրվել է այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա տեխնոլոգիական ուղղությունների ուսումնասիրմամբ ու դրանց գործնական կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ հասնել ինտելեկտուալ էներգետիկ համակարգի ներդրման։
Փորձենք հասկանալ՝ մասնավորապես ինչի մասին է խոսքը։ Օրինակ՝ «Սմարթ գրիդ» (Smart Grid) էլեկտրամատակարարման ցանցի ներդրման, որը էլեկտրական էներգիայի հաղորդման ու բաշխման ամբողջովին ավտոմատ պրոցես է, որտեղ մարդկային գործոնի ազդեցությունը կհասցվի նվազագույնի։
Նախատեսվում է նաեւ՝ 2. Էլեկտրաէներգետիկ համակարգի ենթակայանների ամբողջական վերակառուցում/վերազինում ժամանակակից տեխնոլոգիաներով։ 3. Այլընտրանքային էներգառեսուրսների (հողմաէլեկտրակայանների, արեւային ֆոտովոլտային կայանների) առավելագույն օգտագործում։ 4. Հաշվառման համակարգի բարելավում՝ էներգահամակարգի հաշվիչներից տվյալների հավաքման վերահսկողության բարձրացում, տնտեսապես ավելի կայուն էներգետիկ ոլորտի կառուցում։
Ի դեպ, խոսքը նաեւ վթարավերականգնողական աշխատանքներում անօդաչու սարքերի կիրառման մասին է։ Ու նաեւ նրա, որ յուրաքանչյուր ամիս ծախսերը մանրակրկիտ կվերլուծվեն, ներքին վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ կկիրառվեն։
Իսկ եթե ավելի պատկերավոր, ապա հասկանանք, թե մինչեւ 2040թ.—ն ինչ պատկեր է ունենալու Հայաստանի էներգետիկ համակարգը (դարձյալ ըստ ՏԿԵՆ—ի)։
Այսպիսով, ունենալու ենք 1. ինքնաբավ եւ արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ ու ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով տարեկան 12—14 մլրդ կՎտժ արտադրող էլեկտրաէներգետիկական համակարգ։
2. Լինելու ենք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հաբ, հարեւան երկրների էներգամակարգերն ու ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց։
3. Ունենալու ենք էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա՝ հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա։
Պատկերի մյուս մանրամասները ներկայացնենք. 4. Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ եւ ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան։ Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում՝ առնվազն 10 տոկոս արեւային էներգիայի մասնաբաժնով։
5. Էներգախնայողության եւ էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրացում, էներգախնայողության եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ ու գիտելիքահենք տնտեսության անցման գործում։
6. Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցում։
7. Բարձր ՕԳԳ—ով նոր էներգաարտադրող հզորությունների ստեղծում։
8. Սպառողներին հուսալի եւ անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված ու կանխատեսելի սակագներ։
9. Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների՝ մասնավորապես բնական գազի՝ Հայաստան մատակարարման ուղիների եւ ձեւերի բազմազանեցում՝ երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր։
10. ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի գործարկմամբ պայմանավորված՝ գազի գնագոյանցման թափանցիկ մեխանիզմների ներդնում։
Այս ամենը, ինչպես հավաստիացնում է ՏԿԵՆ—ը, իրականություն կդառնա մինչեւ 2027 թվականը՝ արտադրության, հաղորդման եւ բաշխման ցանցերում կատարվելիք շուրջ 2.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրման շնորհիվ։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.