Connect with us

Բնապահպանություն

Աղվերանի անտառներում նախատեսվում է մարմարի հանք շահագործել

Avatar

Հրապարակվել է

Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասում հանքարդյունաբական աշխատանքներ են նախատեսվում։ «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել հանքավայրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտը։

Նույն հանքավայրի կենտրոնական տեղամասը խորհրդային տարիներին շահագործել է «Հայմարմար» կոմբինատի Նուռնուսի քարամշակման գործարանը։ Տեղամասը 1983թ․-ին կոնսերվացվել է։ Սակայն պաշարներ են մնացել։ Ըստ ընկերության ներկայացրած նախագծի՝ այդ պաշարները կազմում են 1277 հազար քմ։

Հայցվող՝ հարավ-արևելյան տեղամասը հարում է կենտրոնական տեղամասին։ 2011թ․ հարավ-արևելյան տեղամասի պաշարները հաստատվել են և կազմել են 78,2 հազար քմ։ Նախագծվող տարածքը գտնվում է անտառային հողերում։ Այն, համաձայն նախագծի, շուրջ 0,54 հա մակերեսով տարածքի վրա է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աղվերանի մարմարների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի 0.2 հա մակերեսով հյուսիս-արևելյան հատվածը չխախտված անտառածածկ տարածք է, դուրս է թողնվել նախագծվող մակերեսից՝ փոխարենը մտցվել (1953թ. հաստատված) կենտրոնական տեղամասից 0.34հա տարածք: Նախագծման նպատակով ընտրված է 0.68 հա մակերես, որը ամբողջությամբ նախկինում կատարված արդյունահանման աշխատանքներով խախտված տարածք է»,- նշված է նախագծում։

Նախագծի հեղինակներն արձանագրել են, որ «քանի որ տեղամասի տարածքն ամբողջությամբ խախտված է արդյունահանման աշխատանքներով, այստեղ չի պահպանվել առաջնային բուսական և կենդանական աշխարհ»: Եվ բացահանքի բուն տարածքում Կարմիր գրքերում գրանցված բույսեր կամ կենդանիներ չկան։

Հանքավայրը գտնվում է Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական տարածքում, Աղվերան գյուղից 7.5 կմ հյուսիս-արևմուտք։

«Շրջակա միջավայրի նախարարությունից և «Հայանտառ»-ից պիտի թույլտվություններ տան, որովհետև մեր տարածքը անտառային տարածք է»,- ասաց Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը։

Հայցվող տարածքը, ըստ վարչական ղեկավարի, 0,70 հա է, որը համայնքային չէ։ «Չեմ կարող ասել՝ ամբողջությամբ անտառածածկ է, թե չէ, բայց հողը «Հայանտառինն» է»,- հստակեցրեց վարչական ղեկավարը։

Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը։ Լուս․՝ Լ․Մարգարյանի ֆեյսբուքյան էջից։

Մեր ճշգրտող հարցին, թե վարչական ղեկավարը արդյոք տեղյակ է՝ տարածքում ծառեր կան, թե ոչ, պատասխանեց՝ այո, ծառեր կան։

Հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններից ելնելով՝ նախատեսվում է տեղամասի մշակումը կատարել բաց եղանակով, միակողմանի խորացող մշակման համակարգով, առանց հորատապայթեցման աշխատանքների: Արդյունահանման աշխատանքները կատարվելու են բուլդոզեր-փխրեցուցիչի և էքսկավատորի օգնությամբ:

Հանքավայրի շրջանում են գտնվում Արզական-Մեղրաձորի և Բանքսի սոճու պետական արգելավայրերը: Հանքավայրի տեղամասից Արզական-Մեղրաձոր արգելավայրը 1,2-1,5 կմ է հեռու։ Սակայն նախագծողները վստահ են, որ որևէ ազդեցություն արգելավայրերը չեն կրի մարմարի հանքարդյունահանումից։

«Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ն է իրականացնելու մարմարի արդյունահանումը։ Ընկերությունը գրանցվել է 2013թ․-ին։ Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է՝ Արզականում հաշվառված 37-ամյա Էդգար Նվերի Պետրոսյանը։

Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հանքավայրի շահագործման վերաբերյալ ընթանում են հանրային լսումները, որից առաջինն արդեն կայացել է։ «Մեր ժողովրդին հետաքրքրում է՝ աշխատատեղ լինի, որովհետև եթե հանքն աշխատի, մոտ մինչև 10 հոգի մարդ կաշխատի այդ հանքում, գումարած համայնքի տարածքում գտնվող բեռնատարները կշահագործվեն այդ հանքում։ Մենք ունեցել ենք հանք, այդպես է եղել»,- պատմեց Լիպարիտ Մարգարյանը։

Այս պահին «Ալմաքար» ՍՊ ընկերությունը Արզականում նույնպես հանք է շահագործում, և ելնելով դրա փորձից՝ վարչական ղեկավարը համոզված է, որ նույն կերպ կօգտագործվի գյուղի տեխնիկան։

Արզականի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ Էդգար Պետրոսյանն իրենց գյուղում է ապրում, և որոշել է շահագործել այդ հանքավայրը, քանի որ նախկինում այն հայրն է շահագործել՝ Նվեր Պետրոսյանը, որն արդեն մահացել է։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.