Connect with us

Լրահոս

Նայեք, կարդացեք, տարածեք. Ես տեր եմ, իսկ Դու՞

Վարսենիկ Հարությունյան

Հրապարակվել է

Էս հոլովակը նկարել ու տեղադրել եմ նրա համար, որ էս ամենի հեղինակները տեսնեն ու զգան, թե ինչքան տգեղ է իրենց արածը։ Ես շարքային քաղաքացի եմ, հասարակ մահկանացու, բայց ես չեմ ուզում ամեն օր երեկոյան սիրուն զբոսանքը քաղաքամայրով ավարտել էս գարշելի տեսարանով՝ տունդարձի ճամփին: Երևի սրա հեղինակներից ամեն մեկը մտածել է, թե մեծ բան չի մի տոպրակը, ու գետնանցումը մի քանի ժամում դարձել է աղբանոց: Ուտելիքի մնացորդներ, սուրճի բաժակներ, վաճառված ապրանքի տուփեր…

Եթե կան օրենքով սահմանված կառույցներ ու կան աշխատողներ, ովքեր պարտավոր են մաքրել տվյալ տարածքը, կամ անում են դա մասնավոր ինչ-որ պայմաններով ու պայմանավորվածություններով, ուրեմն ՊԻՏԻ մաքրեն էս տաղավարների փակվելուց անմիջապես հետո, իսկ եթե չկան՝ լավ, էդքան դժվա՞ր ա ամեն մեկին իր մի օրվա մի տոպրակ զիբիլը հետը հասցնել մոտակա աղբամանը: Գետնանցումի յուրաքանրյուր ելքի մոտ դրանցից գոնե մի հատ կա:

Հավատացեք` ոչ Մարությանը, ոչ Փաշինյանը, ոչ էլ Պուտինն ու Թրամփը էս քաղաքը չեն կարող մաքրել, եթե հինգից չորսը խոզ լինեն։ Մեզանից յուրաքանչյուրը ՊԻՏԻ տեր կանգնի էս քաղաքին, որովհետև քաղաքը չեն սիրում միայն երգերով, պոեզիայով ու պաթետիկ կենացներով` առիթից առիթ: Քաղաքը սիրտը ցավալով են սիրում: Եթե Ֆորշը ճիշտ ա ասել, ու Երևանը ունի սիրտ ու հոգի, ապա էդ հոգին փայփայելով են սիրում, ոչ թե՝ մեջը թքելով, իսկ սիրտը՝ աղբանոց սարքելով:

Ես չեմ ամաչում անշնորհք երեխայի հետևից պաղպաղակի թուղթը գետնից վերցնելուց ու աղբամանը գցելուց, չեմ ալարում դեռ վառվող ծխախոտը աղբամանը նետած տխմարի հետևից շշով ջուր առնել ու բռնկված կրակը արագ հանգցնել։ Որովհետև ես տեր եմ իմ քաղաքին։ Բայց ես չեմ կարող տեր լինել էդքան մարդու պահվածքին ու բառացիորեն ՀԱՎԱՔԵԼ նրանց ետևից։ Յուրաքանչյուրը գոնե իր մասով պարտավոր է լինել պատասխանատու։ Չեմ խնդրում ձեզ ուրիշի հետևից մաքրել, գոնե ձեր զիբիլին տիրություն արեք:

Սրա համար արդեն չենք կարող մեղադրել իշխանությանը, նախկիններին կամ ներկաներին։ Սրա համար մեղավոր ա մեզանից յուրաքանչյուրը։ Անտարբերության համար մեղավոր ա մեզանից յուրաքանչյուրը։ Մեծամտության ու պոպուլիզմի համար մեղավոր ա մեզանից յուրաքանչյուրը։ Կան բաներ, որոնք մեր փոխարեն քաղաքում, երկրում, աշխարհում ոչ մեկ չի անելու։ Եթե հասարակությունը ունի պարտավորություններ անհատի առաջ, ապա անհատը` որպես սոցիումի անդամ, ևս ունի պարտավորություններ հասարակության առաջ, որի ամենատարրական օրինակը, ինչքան էլ պարզունակ հնչի, իր հետևից աղբը հավաքելն է։

Խղճացեք իմ ու ձեր քաղաքը, իմ ու ձեր գյուղը, շրջանը, մարզը, երկիրը: Մեր ունեցածն էս ա, մեզ ուրիշը չեն բերելու նվեր տան: Մեր երազած երկիրն ու քաղաքը կախարդական փայտիկով չեն սարքելու ու մեզ ընծա բերեն: Մեզնից ամեն մեկի ձեռը մի վարդագույն տուֆ կա ու մի շաղախ սեր, ամեն մեկս մեր հերթին պիտի կառուցենք մեր երազած էն սիրուն քաղաքն ու երկիրը:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք:

#ես_տեր_եմ

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.